«Բանդայի» գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամբաստանյալի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը:

«Քյարամը հոգեկան լուրջ խնդիրներ ունի: Վախենում եմ, որ երկար չապրի»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 12-ին նշանակված դատական նիստին Քյարամ Ամոյանը չի մասնակցել, քանի որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետը դատարանին հայտնել էր, որ Քյարամը առողջական վիճակի պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին:

Ամբաստանյալի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մի քանի օր առաջ հոգեբույժը զննել է Քյարամին ու հայտնել, որ վերջինս հոգեկան խնդիրներ ունի. «Դրսից հոգեբույժ եմ հրավիրել, որը երկու ժամ զննել է Քյարամին եւ հայտնել, որ իսկապես լուրջ խնդիրներ ունի: Ամբողջ ընթացքում սեղանին պառկած էր, գլուխը գրկած ու ոչ մի հարցի չէր պատասխանում»:

Փաստաբանը դեռ օրեր առաջ է հասկացել, որ միայն ֆիզիկական խնդիրները չէ, որ անհանգստացնում են իր պաշտպանյալին: «Հարց էի տալիս, իմ հարցերն օդի մեջ էին մնում: Չի կարողանում ճիշտ ընկալի, որ մի 15 րոպե նստում է, արդեն վիճակը վատանում է, դառնում է անջատված, չի հասկանում՝ ինչ է կատարվում, հիշողությունն էլ է լրիվ կորցրել, չի հասկանում, թե որտեղ է ինքը գտնվում»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Ամոյանն այս ընթացքում երեք անգամ ուղեղի կաթված է ստացել, որն էլ ըստ փաստաբանի՝ կարող է պատճառ լինել առողջության նման վատթարացման համար: Բացի դրանից փաստաբանը համոզված է, որ ձգձգվող դատական գործընթացն էլ է հոգեբանորեն ազդում Քյարամի վրա: Փետրվարի 5-ին փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի Քյարամին նոր դատաբժշկական փորձաքննություն նշանակվի՝ որոշելու համար նա կարող է մասնակցել դատական գործընթացի, թե ոչ:

«Այսօրվա նիստում բոլոր կողմերն էլ համաձայնվեցին, որ դատական նիստերն ընթանան առանց Քյարամի: Տեսնենք՝ փետրվարի 19-ին դատավորն ինչ որոշում կկայացնի»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ խափանման միջոցը Քյարամիի նկատմամբ պետք է փոխվի, իսկ նրան տեղափոխեն հոգեբուժարան. «Եթե էսպես շարունակվի, Քյարամը երկար չի ապրի, իսկ բուժումը երկար կարող է տեւել, նույնիսկ մի քանի տարի»:

Փաստաբանը օրերս նորից կայցելի Քյարամ Ամոյանին:

 «Մի քանի անգամ գնացել եմ, բայց Քյարամն էն վիճակում է, որ չի կարողանում սենյակից դուրս գալ, չեմ կարողանում հետը խոսել»,- ասաց նա՝ նշելով, որ հնարավոր է՝ Քյարամի ծնողներին նույնպես թույլատրվի տեսակցել վերջինիս:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: