Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի դպրոցի որոշ դասասենյակներ հակառակորդի թիրախում են եւ անվտանգության նկատառումներով չեն օգտագործվում: Այս մասին, փետրվարի 12-ին, հայտարարել է գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վոլոդյա Բալասանյանը՝ Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ ԱԲրահամյանին ներկայացնելով դպրոցի խնդիրները: ԱԺ նախագահը Տավուշի մարզ էր ժամանել աշխատանքային այցով:

Տնօրենը նշեց, որ այս պահին դպրոցում 37 աշակերտ է սովորում, եւ այդ դասասենյակները օգտագործելու անհրաժեշտություն դեռեւս չկա, սակայն հետագայում նախատեսվում է երեխաների ավելացում: «Այս տարի մեր փոքրիկ գյուղում 11 երեխա է ծնվել, ինչը խոսում է այն մասին, որ ապագայում մենք այս դասասենյակները օգտագործելու խնդիր կունենանք»,- ասաց դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Հովիկ Աբրահամյանը խոստացավ քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ դասասենյակներին զրահապատ պատուհաններ դրվեն: ԱԺ նախագահը խոստացավ նաեւ գրքեր տրամադրել դպրոցի գրադարանին:

Դպրոց այցելելուց հետո ԱԺ նախագահը հանդիպեց գյուղաբնակների հետ եւ ծավալված ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում տեղեկացավ գյուղի բազմաթիվ խնդիրների մասին, որոնք վերաբերում էին ջրամատակարարմանը, գազամատակարարմանը, աշխատատեղեր ստեղծելուն: Համայնքի ճանապարհը ասֆալտապատման կարիք ունի, գրեթե չկան մշակելի հողատարածքներ:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, Տավուշի մարզում մեծածավալ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվել եւ աստիճանաբար անբարեկարգ մյուս հատվածները եւս կասֆալտապատվեն, գազաֆիկացման, ջրամատակարարման աշխատանքները եւս ընթացքի մեջ են: ԱԺ նախագահը, լսելով բոլորի մտահոգությունները, նշեց, որ ՀՀ նախագահի, ԱԺ-ի եւ կառավարության ուշադրության կենտրոնում են խնդիրները, եւ վստահեցրեց, որ ժամանակի ընթացքում լուծում կստանան: Նշենք, որ ԱԺ նախագահը դպրոցին նվիրեց համակարգիչներ, սպորտային պարագաներ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ պատգամավորները այցելեցին նաեւ գյուղի նորակառույց եկեղեցի: