Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արգելել է երկրում փողոցային ցույցերի անցկացումը, երբ վերջին օրերին հակակառավարական զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ զոհվել էր երեք մարդ, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները:
Իշխանությունները բողոքները կազմակերպած ընդդիմության որոշ առաջնորդների ձերբակալման հրահանգ են ստորագրել: Ըստ իրավապահ մարմինների՝ կասկածյալների կազմակերպած սադրանքների արդյունքում զոհվել է երեք մարդ:
Հիշեցնենք, որ նախօրեին Կարակասի ցույցին մասնակցել էր 50 հազար մարդ: Ոստիկանությունը ցուցարարներին ցրել էր՝ օգտագործելով արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ:
Ցույցը ցրելիս բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների եւ կառավարական ուժերի միջեւ: Մադուրոյի համախոհներից մեկ մարդ սպանվել էր: Այդ օրը սպանվել էր երեք մարդ:
Պետք է նշել, որ ներկայիս բողոքները ամենախոշորն էին Նիկոլաս Մադուրոյի իշխանության գալուց ի վեր: Դրանց նախորդել էին երկրում բազմաթիվ տնտեսական խնդիրներ, ինչպիսիք են 56 տոկոսանոց գնաճը եւ խանութներից պարբերաբար առաջին անհրաժեշտության ապրանքների անհետացումները: Նախագահը մեղադրում է ներքին եւ արտաքին թշնամիներին:




























