«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը դատապարտում է փետրվարի 12-ին ՀԱԿ անդամների դեմ իրականացված սադրիչ եւ բռնության գործողություններ, ինչպես նաեւ լրագրող Անի Գեւորգյանի հանդեպ կիրառված բռնությունը ՀՀ Ոստիկանության բաժանմունքում, այն էլ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի կողմից: Այս մասին հայտնում է նախաձեռնության կայքը:

«Որեւէ քաղաքակիրթ հասարակությունում եւ ժողովրդավարական պետությունում չեն կարող եւ չպետք է հանդուրժելի լինեն այսօրինակ բռնությունները, որոնք թույլ են տրվում թե ոստիկանների, թե որոշ անհատների կողմից, հատկապես լրագրողի հանդեպ, ում մասնագիտական գործունեության խոչընդոտելն արգելվում է եւ դատապարտելի է: Այս կամ այն կերպ ուղղորդված որոշ անհատների բացահայտ անօրինական, կամայական ու սադրիչ գործողությունները ստորացնում են մարդու եւ քաղաքացու արժանապատվությունը. նրանք իրենց իրավունք են վերապահում սահմանափակել այլոց իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես՝ օրենքով թույլատրելի ձեւերով հանրային իրազեկում իրականացնելը: Հավանաբար սա պայմանավորված է նրանով, որ երկրում տիրում է ամենաթողությունն ու անպատժելիության մթնոլորտը: Մենք՝ որպես քաղաքացիական հասարակության քաղաքակիրթ ներկայացուցիչներ, անհանդուրժող ենք ֆեոդալական բարքերի ու այդ արժեքները կրողների հանդեպ: Նմանատիպ արարքները որեւէ արդարացում չեն կարող ունենալ ժողովրդավար ու իրավական երկրում եւ պիտի պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է ոստիկանությունից անհապաղ քայլեր ձեռնարկել քրեական պատասխանատվության ենթարկելու Մաշտոցի պողոտայում ՀՀ մի շարք քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները բացահայտ ոտնահարած անհատներին, իսկ լրագրող Անի Գեւորգյանի հանդեպ բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ անցկացնել ծառայողական քննություն՝ նրան իր զբաղեցրած պաշտոնից եւ ոստիկանական ծառայությունից հեռացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀԱԿ ակտիվիստները Սարյան փողոցում ժամը 18:00-ի սահմաններում մարտի 1-ի մասին թռուցիկներ բաժանելիս վեճի էին բռնվել մի խումբ տղաների հետ, որից հետո բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Պարզվել է, որ այդ տղաները ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ են: Նրանց թվում են Հայկ Ղեւոնդյանը՝ Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը, Դանիել Հայրապետյան՝ ուսխորհրդի անդամ, Գեւորգ Սողոմոնյանը՝ ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ: Երիթշտթուի ղեկավար Կարեն Ավագյանի խոսքով՝ զարմանալի կլիներ, եթե իրենց կուսակցության անդամներն անտարբեր անցնեին այդ ամենի կողքով:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում բերման ենթարկված 12 քաղաքացիների գործով: