Վրաստանի իշխանությունները դեռեւս պատրաստ չեն Ախալքալաքը դարձնել ինքնակառավարվող քաղաք: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Նա ընդգծել է, որ Վրաստանի վերջին ներքաղաքական իադարձությունները կարելի է բաժանել երկու հիմնական կետերի: Նա նշել է, որ փետրվարի հինգին Վրաստանի խորհրդարանն ընդունել է օրինագիծ՝ կապված ՏԻՄ-ի հետ: Օրինագծի հաստատման դեպքում Ախալքալաքը կդառնար այն քաղաքներից, որտեղ քաղաքապետին ընտրում են ընտրությունների միջոցով: Սակայն Ախալքալաքը այդ քաղաքների ցանկից դուրս է մնացել:

Երկրորդ կարեւոր կետը Վրաստանի ներքին քաղաքականության մեջ, ըստ Մելիքյանի, Վրաստանի հաշտեցման հարցերով պետական նախարարի ապարատի հաղորդագրությունն է, որի համաձայն 2014-ին Վրաստանի Հայ առաքելական եկեղեցու թեմը, մահմեդական  ու հուդայական համայնքները, ինչպես նաեւ Կաթոլիկ եկեղեցին կստանան 4,5 մլն լարի՝ «որպես խորհրդային շրջանում պատճառած վնասի դիմաց փոխհատուցում»: