Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը ոսւխորհրդի նախագահ Հայկ Ղեւոնդյանի հետ չի խոսել ՀԱԿ ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպի մասին: Այս մասին NEWS.am-ին ասաց համալսարանի պրոռեկտորը:

«Ինչի՞ հետեւից եք ընկել, դա հիմնարկից դուրս բան է, ոչ աշխատանքային ժամ է, ոչ էլ որեւէ բան է եղածը: Իրանց արածի համար իրանց հարցրեք, ով էլ մեղավոր լինի, չեմ ուզում որեւէ մեկին դրական կամ բացասական բան ասել, ամեն դեպքում ցանկացած քաշքշուկ ինձ դուր չի գալիս, առավել եւս որպես ուսումնական գծով պրոռեկտոր»,- ասաց նա:

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 12-ին, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները Սարյան փողոցում մարտի 1-ի հանրահավաքի մասին թռուցիկներ բաժանելիս վեճի են բռնվել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ, որոնց մեջ է եղել նաեւ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ղեւոնդյանը:

Յուրի Մարմարյանը հորդորեց հարցը չկուսակցականացնել: «Հայկը հրաշալի մարդ է: Աստված տա Հայաստանը միլիոն հատ այ էսպիսի երեխա ունենա: Չփորձեք որեւէ բան կպցնել այդ երեխային»,- ասաց պրոռեկտորը:

26-ամյա Հայկ Ղեւոնդյանը ասպիրանտ է, իսկ ոսւխորհրդի նախագահ ընտրվել է դեռ 4 տարի առաջ:

Մեր դիտարկմանը, թե մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Ագրարային համալսարանում այսօր թռուցիկներ են բաժանվել մարտի 1-ի հանրահավաքի մասին, հունից հանեց պրոռեկտորին. «Ի՞նչ թռուցիկի մասին է խոսքը: Որեւէ քաղաքական բան չգտնեք համալսարանի ներսում»:

Նշենք, որ համալսարանի ուսխորհուրդն առավոտվանից չի պատասխանում զանգերին:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀԱԿ ակտիվիստները Սարյան փողոցում ժամը 18:00-ի սահմաններում մարտի 1-ի մասին թռուցիկներ բաժանելիս վեճի էին բռնվել մի խումբ տղաների հետ, որից հետո բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Պարզվել է, որ այդ տղաները ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ են: Նրանց թվում են Հայկ Ղեւոնդյանը՝ Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը, Դանիել Հայրապետյան՝ ուսխորհրդի անդամ, Գեւորգ Սողոմոնյանը՝ ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ: Երիթշտթուի ղեկավար Կարեն Ավագյանի խոսքով՝ զարմանալի կլիներ, եթե իրենց կուսակցության անդամներն անտարբեր անցնեին այդ ամենի կողքով:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում բերման ենթարկված 12 քաղաքացիների գործով: