Լեռնային Ղարաբաղի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության աշխատակիցները փետրվարի 06-ին, ժամը 13:30-ի սահմաններում, կեղծ փողեր պահելու եւ իրացնելու կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության վարչություն բերման են ենթարկել Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի բնակիչ Յուրի Երեմյանին եւ Քրիստինա Միրզոյանին:
ԼՂՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե բերման ենթարկելու ժամանակ Յուրի Երեմյանը փորձել է ծամելու եղանակով ոչնչացնել իր մոտ գտնվող նույնացման միեւնույն համարի 10000-անոց եւ 5000-անոց ՀՀ թղթադրամները, իսկ Քրիստինա Միրզոյանի անձնական խուզարկության ժամանակ ձեռքի պայուսակից հայտնաբերվել եւ վերցվել է թվով 50 հատ 1000-անոց եւ 10 հատ 5000-անոց ՀՀ թղթադրամներ:
Բացի այդ Յու. Երեմյանի կողմից ժամանակավոր բնակելի` Ստեփանակերտ քաղաքի Աբրահամյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող տան զննության ժամանակ հայտնաբերվել եւ վերցվել է վերջինիս պատկանող 26 հատ նույն համարի 5000-անոց եւ եւս երկու հատ նույն համարի 5000-անոց ՀՀ թղթադրամներ:
Սույն փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության ՔՎ Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնում հարուցվել է թիվ 141010/14 քրեական գործը` նախատեսված ԼՂՀ քր. օր-ի 211-րդ հոդվածի 1-ին մասով /Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը/:
Քրեական գործով դատավարական ղեկավարումը եւ հսկողությունն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:




























