Սևանի Յակով Զարոբյանի անվան դպրոցի՝ փետրվարի 7-ին աշխատանքից ազատված փոխտնօրեն Արմինե Մելքոնյանին փետրվարի 13-ին ԿԳ նախարարությունից զանգահարել են եւ ուսուցչի աշխատանք առաջարկել Սեւանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցում:
«Շատ բարեհամբյուր մի կին զանգեց, ասաց, որ ԿԳ նախարարի հանձնարարությամբ է զանգել, եւ վաղը գնամ ու Սևանի ավագ դպրոցում անցնեմ աշխատանքի: Տրամադրությունս 180 աստիճանով փոխվեց»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Մելքոնյանը:
Մինչեւ այդ դպրոցի տնօրենի ճնշումներից հուսահատված ու աշխատանքից ազատվելու դիմում գրած Արմինեն որոշել էր ամուսնու եւ երկու անչափահաս երեխաների հետ մեկնել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաք, ինչի համար զանգից երկու օր առաջ անձնագրերում երկարաձգել էին երկրից դուրս գալու թույլտվության ժամկետները։
«Ուզում էի գնալ եղբորս մոտ Եկատերինբուրգ, էլ հույս չունեի, որ Հայաստանում աշխատանք կգտնեմ: Կարմիր դիպլոմով համալասարանն ավարտել եմ, որ աշխատանք մուրամ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Մելքոնյանը, որը նախարարին բաց նամակ գրելու հաջորդ օրը ինքնակամ դիմում էր գրել եւ ազատվել աշխատանքից:
Արմինեն ուրախ է, որ իր երեխաներն օտար երկրում չեն մեծանալու:
«Միայն այն մտքից, որ երկրից գնալու էի, որ երեխաներս պետք է ընտելանային օտար բարքերին, որ չէին գրելու մեսրոպատառ հայերենով, որ հայոց պատմության փոխարեն այլ երկրի պատմությունն էին սերտելու,անկեղծ զարհուրում էի»,- ասաց Արմինեն:
Արմինեի խնդրի շուրջ լրատվամիջոցներում բարձրացված աղմուկի պատճառով նախարարը այս մեկ դեպքի համար լուծում գտավ, իսկ ինչ կլինի այն հարյուրավոր մարզային ուսուցիչների ճակատագիրը, ովքեր աշակերտների թվի նվազման պատճառով հայտնվել են կրճատվելու վտանգի առջեւ, պարզ չէ։ Ի վերջո, մի Սեւանի ավագ դպրոցում էլ կարող են կրճատումներ սկսվել։
Հիշեցնենք, որ Արմինե Մելքոնյանը փետրվարի 6-ին բաց նամակ էր գրել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին եւ խնդրել, որ իրեն Ռուսաստան մեկնելու համար 4 տոմս տրամադրի, քանի որ դպրոցում կրճատումների պատճառով իրեն ստիպում են ազատվել աշխատանքից: ԿԳ նախարարը արձագանքել էր նամակին եւ խոստացել, որ կօգնի:


























