Երեւանի եւ Պեկինի միջեւ հաստատված համագործակցության ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, հատկանշելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երկու երկրների մայրաքաղաքների միջեւ տարբեր բնագավառներում իրականացվող գործակցության ծրագրերն իսկապես կարեւոր են եւ պետք է ընդլանեն շրջանակները. «Հատկանշական է, որ հայ-չինական հարաբերությունների համատեքստում երկու մայրաքաղաքների միջեւ ստորագրվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր, որը առաջինն էր Հայաստանի եւ Չինաստանի քաղաքների պատմության մեջ, եւ մենք արդեն ունենք արդյունքներ այդ համագործակցության շրջանակում։ Համոզված եմ, որ այս համագործակցությունը էլ ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ, թե փորձի փոխանակման, թե կոնկրետ ծրագրերի շրջանակներում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը եւ հույս հայտնել, որ Չինաստանի այլ քաղաքների հետ եւս կծավալվի համագործակցություն ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության պատվիրակության ղեկավար Չժոու Լին իր հերթին պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի օժանդակելու երկու մայրաքաղաքների միջեւ գործակցային հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը. «Մենք եւս կարեւորում ենք Երեւանի հետ հարաբերությունների էլ ավելի ընդլայնումն ու խորացումը, եւ ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մեր կողմից կարվի հնարավորը, որ երկուստեք համագործակցություն հաստատվի նաեւ Երեւանի եւ  Չինաստանի այլ քաղաքների միջեւ նույնպես: Առաջընթացն ու զարգացումն այսօր Երեւանում ակնհայտ է, եւ ես վստահ եմ, որ երկուստեք համագործակցության համար ունենք մեծ ներուժ»,-նշել է  Չժոու Լին:

Կարեւորելով քաղաքային տնտեսության կառավարման հարցում փորձի փոխանակման անհրաժեշտությունն ու շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար` Երեւանի քաղաքապետը առանձնացրել է այն ուղղությունները, որոնք կարող են արդյունավետ լինել գործակցությունն ընդլայնելու համար. «Քաղաքների զարգացման հարցում տնտեսապես զարգացած երկրների հետ համագործակցության հաստատումն ու ընդլայնումն իսկապես կարեւոր է: Երկու մայրաքաղաքների միջեւ հարաբերությունների շարունակական զարգացման սկիզբն արդեն դրված է: Վստահեցնում եմ, որ մենք բաց ենք համագործակցության համար եւ պատրաստ քննարկելու կոնկրետ առաջարկներ` այն էլ ավելի ընդլայնելու ու գործնական փուլ տեղափոխելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: