Երեւանում փետրվարի 14-ին կայացել է հանդիսավոր արարողություն՝ նվիրված «Beeline Scholarship» ծրագրի արդյունքների ամփոփմանը:

Միջոցառմանը ներկա էր Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոնաթան Էյվզը, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Մերուժան Միքայելյանը, Բրիտանական խորհրդի հայկական բաժնի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

Այդ ծրագրով 95 ուսանողներ, որոնք վճարովի հիմունքներով սովորում են Հայաստանի պետական բուհերում, առաջին անգամ արժանացել են «Beeline Scholarship» կրթաթոշակին, որի շրջանակներում ընկերությունն այս տարի կփոխհատուցի նրանց մեկ կիսամյակի ուսման վարձը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ ու լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել Արմեն Աշոտյանին ու «ԱրմենՏել» ընկերությանը՝ ցուցաբերած համակարգային աջակցության համար, ինչպես նաեւ ուսանողներին, որոնք մասնակել են մրցույթին: Հաղթող ուսանողներին դիմելով՝ դեսպանն ընդգծել է. «Ձեզ հիանալի հնարավորություն է շնորհվել կրթության բնագավառում, որը ձեզ համար դուռ կբացի դեպի ապագա»: