Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ռազմական արդյունաբերության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական եւ գիտատեխնիկական աշխատանքների կազմակերպման խորհրդի անդրանիկ նիստը:
ԱԱԽ մամուլի գրասենյակից հայտնում են, թե խորհուրդը ուսումնասիրել է ՀՀ-ում ռազմական արդյունաբերության եւ գիտության կապի առկա վիճակը եւ քննարկել զարգացման եւ ամրապնդման հնարավորությունները:
Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկներն ու մոտեցումները: Հավանության է արժանացել 20 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթը, որոնց հետ կապված տեղի կունենան համապատասխան քննարկումներ եւ կմշակվի գործողությունների ծրագիր:
Խորհրդի նիստում որոշվել է նաեւ հետագա աշխատանքներում ներգրավվել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում աշխատող համապատասխան ոլորտների հայ գիտնականների եւ մասնագետների:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am


























