Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են  Դաշնային միգրացիոն ծառայության կայքում ստուգել երկիր մուտքի արգելքի հիմքերի առկայությունը: Այս մասին փետրվարի 14-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ  Սվետլանա Ստեպանովան:

Նշենք, որ ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները հարուցել էին ՀՀ քաղաքացիների դժգոհությունը եւ տարըմբռնումների պատճառ դարձել: Արդյունքում Ռուսաստան մեկնել ցանկացող մի խումբ քաղաքացիների չէր հաջողվել դա անել: Հարցում կարելի է ուղարկել հետեւյալ հասցեով http://services.fms.gov.ru/info-service.htm?sid=3000:

Դեսպանատան ներկայացուցիչը պարզաբանել է, որ ՌԴ մուտքը կարող է փակվել 3 կամ 5 տարով: Առաջին տարբերակը վերաբերում է ՌԴ-ում բնակության ռեժիմը խախտողներին, այլ կերպ ասած՝ 90 օրից ավելի մնացողներին, միգրացիոն հաշվառման չներկայացածներին, առանց թույլտվության աշխատողներին:

Այստեղ ընդգրկված են նաեւ այն անձինք, որոնք երկու կամ ավելի վարչական խախտումներ ունեն՝ ՌԴ-ում գտնվելու երեք տարվա ընթացքում  (ամենատարածվածը ճանապարհային երթեւեկության կանոնների  խախտումն է):

Հինգ տարով երկիր չեն կարող մուտք գործել այն քաղաքացիները, ովքեր արտաքսվել են: «Այս խմբի մարդիկ ավելի քիչ են: Արտաքսումն իրականացվում է դատարանի միոջոցով», - նշել է դեսպանատան ներկայացուցիչը: Միաժամանակ նա հաստատել է, որ ՌԴ ԴՄԾ-ի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները պետք է նախազգուշացնեն մեկնող քաղաքացիներին այն դեպքում, եթե նրանց հաջորդ մեկնումն արգելված է:  

Մուտքի արգելքը կարելի է բողոքարկել ռուսական դատարանում՝ վստահված անձի միջոցով: