ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանի (Շերիֆը) առողջական վիճակն այժմ ավելի լավ է եւ նա այսօր՝ փետրվարի 15-ին, ներկա կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գրիգոր Գրիգորյանը:

«Կկարողանամ ներկա լինել»,- ասաց պատգամավորը: Նա հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հակասություններ ունի: «Նման բան գոյություն չունի, դա մատից ներծծած բան ա, նման բան գոյություն չունի»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը՝ նորից հերքելով մանդատից հրաժարվելու մասին տարածված տեղեկությունները:

Նա շեշտեց, որ իր հարաբերությունները ԲՀԿ առաջնորդի հետ լավ են, նա հետաքրքրվում է պատգամավորի առողջական վիճակից եւ մշտական կապի մեջ են, «ոնց կարող ենք իրարից տեղյակ չլինել»:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե ինչու ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆը) հրաժարվեց  ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, ըստ ամենայնի, պատասխան չտրվեց, ինքը՝ Գրիգորյանը նշեց, թե առողջական խնդիրներ ունի:

«Սակայն, մեր տեղեկություններով, Գրիգորի Գրիգորյանը լուրջ պատճառներ ունի եւ կուսակցությունում իր շփումները վերջերս գրեթե զրոյի է հասցրել: Հակասությունը նրա եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ է՝ ֆինանսական բնույթի: Ասում են՝ Գ. Գրիգորյանն ԱԺ ընտրություններին բավականին ներդրումներ է արել իր անձնական միջոցներից, եւ, ըստ պայմանավորվածության, դրանք պետք է փոխհատուցվեին, սակայն չեն փոխհատուցվել, ինչն էլ հանգեցրել է հարաբերությունների խզման: ԲՀԿ-ից չեն բացառում, որ Գրիգորի Գրիգորյանն առաջիկայում կարող է հրաժարվել անգամ պատգամավորական մանդատից: Գրիգորյանը բոյկոտել է անգամ սեփական բջջայինը, եւ նրանից չկարողացանք այս տեղեկությունների կապակցությամբ պարզաբանում ստանալ»,- գրել է թերթը: