Թուրքիայում ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցախմբի անդամներ, ովքեր ստամբուլահայ տարեցների տներում որպես սպասուհի են տեղավորել հայաստանցի կանանց եւ նրանց միջոցով թալանել տները։
Թուրքական Ozelhaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցախմբի անդամները Հայաստանից կանանց են տեղափոխել Թուրքիա եւ ստամբուլահայ տարեցների տներում տեղավորել որպես սպասուհի։ Այդ ընթացքում սպասուհիները ճշտում են տարեց ստամբուլահայերի տներում պահվող գումարների եւ թանկարժեք զարդերի տեղը, որից հետո թալանել են տները եւ հեռացել Հայաստան։
Ստամբուլի ոստիկանությունը պարզել է, որ 3 տղամարդուց եւ 3 կանանցից կազմված հանցախմբի վերջին զոհերը եղել են Ստամբուլահայեր Սառա Բ.-ն եւ Ժիլդա Ք.-ն։ Խմբի անդամները Անահիտ Ս.-ին տեղավորել են Սառա. Բ.-ի բնակարանում որպես սպասուհի։ Անահիտը տեղեկանալով Սառա Բ.-ի զարդերի եւ գումարի տեղը, զանգահարել է խմբին, որից հետո խմբի անդամներ Գեղամ Ս.-ն, Կարինե Գ.-ն, Էդգար եւ Գագո անունով անձիք մտել են Սառա. Բ-ի տուն, դանակով սպառնացել եւ 300 հազար դոլար արժողության տարբեր զարդեր, 10 հազար դոլար կանխիկ գումար, 4 հատ մուշտակ հափշտակել եւ Անահիտի հետ հեռացել տնից։
Հաջորդ անգամ խմբի անդամները Կարինեին տեղավորել են Ստամբուլի Շիշլի թաղամասում ապրող Ժիլդա Ք.-ի տանը որպես սպասուհի։ Այստեղ էլ Կարինեն մանրամասն ճշտել է թանկարժեք զարդերի եւ գումարի տեղը եւ կրկին նույն սխեմայով կազմակերպել են թալանը եւ հեռացել։
Ոստիկաններն ուսումնասիրել են վերջին 2 զոհերի տների մոտակայքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները եւ կարողացել են հայտաբերել խմբի անդամներին մի տան մեջ, բացի Գագոյից եւ Էդգարից, ովքեր վերցրել էին իրենց բաժին զարդերն ու գումարը եւ մեկնել էին Հայաստան։
Ոստիկանները հայտնաբերել են նաեւ գողոնի մի մասը, որոնք վերադարձվել են տերերին։ Իսկ 4 մուշտակներից 3-ը խմբի անդամները ամեն մեկը 1150 լիրայով վաճառել էին մի կաշեգործի։ Ոստիկանները դրանք էլ հետ են վերցրել եւ վերադարձրել տիրոջը։
Խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել հանցագործություն կատարելու համար հանցախումբ ստեղծելու, ստեղծված հանցախմբի անդամ լինելու, գողության, թալանի, թմրանյութ օգտագործելու մեղադրանքով։


























