Հայաստանի Docando ֆեդերացիայի մարզիկները գտնվում էին ԱՄՆ-ում՝ մրցումների, երբ տեղի ունեցան իրենց հետ կապվող հայտնի դեպքերը, մասնավորապես՝ ֆեդերացիայից մեծ քանակությամբ զինամթերքի առգրավումը, Իսրայել Սարգսյանի ձերբակալումը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Docando ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը, ով օրերս է վերադարձել ԱՄՆ-ից, ասաց, որ դեպքի մանրամասներին չի տիրապետում, գիտի այն, ինչ գրվել է մամուլում:

Նրան դեռ չեն կանչել ոստիկանություն՝ հարցաքննության, բայց վստահ է, որ կկանչեն. «Պարտադիր կկանչեն հարցաքննության: Ուզում եմ շեշտել, որ ֆեդերացիայում զենք չի եղել, զինամթերք է եղել, կարող է ինքը զինամթերք է, բայց մեր համար այն պիրատեխնիկա է եղել եւ պիրատեխնիկա կա ֆիլմերի համար»,- ասաց Հայկ Վարդանյանը:

Նա տեղեկացրեց, որ առայժմ հայտնի չէ՝ Գոռ Վարդանյանը երբ կլինի Հայաստանում, հավանաբար մեկ ամսվա ընթացքում կգա: «Երեւի պետք է Գոռը գա, որ այդ հարցերը լուծվեն: Գոռը ցանկանում էր նկարել  «Օլիգարխ» ֆիլմը, պարզապես ԱՄՆ գնաց, վթարի ենթարկվեց եւ մնաց այնտեղ, դատական պրոցեսներ էին եւ այլն: Կարծում եմ՝ այդ զենքերի հետ կապված հարցերը կկարգավորվեն, պարզապես իր ներկայությունն է պետք, որ փաստաթղթային հարցերը կարգավորի»,- ասաց Հայկ Վարդանյանը:

Ինչ վերաբերում է Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված ֆեդերացիայի նախկին անդամ Իսրայել Սարգսյանին՝ Հայկ Վարդանյանն ասաց, որ ճանաչել է նրան, աշխատանքային հարաբերություններ են եղել, նորմալ տպավորություն է ստացել: «Իր անցյալ պատմությունները ինձ միշտ անհանգստացրել են, հետը խոսել եմ, բայց տպավորությունը այնպես է եղել, որ ինքը շատ զղջացել է ջահել տարիներին արած քայլերի համար, չէի սպասի, որ սենց բան կարող էր լինել, գողական կամ քրեական մարդու տպավորություն չի թողել, ընտանիք, երեխա ունի, հենց դա է պատճառը, որ իր ասածները հավատալու տեղ էր տալիս: Ասում էր՝ էդքան տարի գնացի, փակվեցի, երեխեքիս չտեսա, մեծացան, արդեն ամուսնանալու տարիքն է, ոչ իրենց կարողացա տեսնեմ, կողքները լինեմ,  մեծացնեմ, շատ զղջալով էր խոսում այդ ամենի մասին»,-ասաց Հայկ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել է 41-ամյա Արթուր Սաֆարյանին (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ոստիկանության կողմից ձերբակալվել էր Իսրայել Սարգսյանը, ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է: Ֆեդերացիայից առգրավվել էր մեծ քանակությամբ զինամթերք, ինչը պատճառաբանել են նկարահանվելիք ֆիլմերում օգտագործելու համար:

Քրեական գործով պարզվել է, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը: Ըստ Ոստիկանության՝ եղել են օպերատիվ տվյալներ, որ սպանությունը, հնարավոր է, կատարած լինեն Իսրայել Սարգսյանը, Մովսես Ներսիսյանը եւ Տիգրան Ասատրյանը:

Ոստիկանները փետրվարի 3-ին բերման են ենթարկել Իսրայել Սարգսյանին եւ Տիգրան Ասատրյանին, Մովսես ներսիսյանին հայտնաբերել չի հաջողվում: Անձնական խուզարկությամբ Իսրայել Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ:

Հետագայում Իսրայել Սարգսյանը, իր կատարած հանցագործությունը թաքցնելու նպատակով Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը:

Խուզարկությամբ, Իսրայել Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել ու առգրավվել է ապօրինի զինամթերք: Տիգրան Ասատրյանի բնակության վայրից էլ հայտնաբերվել եւ առգրավվել են «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ եւ ռազմամթերք, մեծ քանակի ռազմամթերք է հայտնաբերվել նաեւ Մովսես Ներսիսյանի բնակության վայրում: