Մաքսային միությունը 21-րդ դարի համար խելագարութուն է, այն ապագա չունի: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախկին խորհրդային դիսիդենտ, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է խելք հավաքեն ու հասկանան, որ Ռուսաստանը ՄՄ-ում նյութական, ֆինանսական շահեր ունի:
«Մերոնք` կառավարությունը, ծրագրեր է մշակում, Տիգրան Սարգսյանը հանձնարարականներ է տալիս… խելքներդ գլուխներդ հավաքեք, էս ի՞նչ գժերի միություն է: Ռուսաստանը բացի նավթից ու գազից ոչինչ չունի, եթե ժամանակին Գերմանիային չի կարողացել հակադրվել, այսօր նրանք բոլորն իրար հետ են, ուստի Ռուսաստանն այսօր ուզում է պոչ խաղացնել: Ինչքան լավ է ԿԳԲ-ն բոլորին հավաքել մեկ կուսակցության մեջ, եւ դա կոչվում է ՀՀ կուսակցական համակարգ: Բոլորը ԿԳԲ-ին են ծառայում»,-ասել է նա:
Հայրիկյանն ընդգծել է, որ ներկայումս, «երբ բոլշեւիկների ահաբեկչությունն ու բռնապետությունը շարունակվում են Մաքսային միության տեսքով», հայ ազգը պետք է հիշի, որ իրենք աշխարհի ամենաազատասեր ազգերից են:
Ըստ Հայրիկյանի՝ Հայաստանը գնում է դեպի ստրկություն:

























