Երեւանի 27-ամյա բնակիչ Դավիթ Թ.-ն մեղադրվում է նախկին ընկերուհուն՝ Մարիամ Հ.-ին սպանելու եւ այնուհետեւ բնակարանը հրկիզելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա մայիսին: Դավիթը, այցելելով նախկին ընկերուհուն, խնդրել է աչքերը փակել՝ ասելով, թե իբր անակնկալ նվեր ունի տալու, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հ.-ի կոկորդը, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: Բացի դրանից՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով հրկիզել է բնակարանը:
Դավիթ Թ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ նախատեսում է պատիժ մինչեւ 16 տարվա ազատազրկում: 27-ամյա երիտասարդը կալանավորված է:
Գործը քննվում է Աջափնյակ եւ Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա փետրվարի 20-ին:


























