Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում նոյեմբերի 21-ին բեզոարյան այծի որսի հետ կապված առաջին դատական նիստը կկայանա փետրվարի 19-ին Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում: Մեղադրյալն Արենի գյուղի 66-ամյա բնակիչ Վաչագան Ղ-ն է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերի 21-ին Արենիի որսահանդակում: Վաչագան Ղ.-ն իր մտերիմներ Վասիլ Ա.-ի, Սիրեկան Բ.-ի եւ Վահան Ս.-ի հետ գնացել են «Դեմի» կոչվող վայր: Վաչագան Ղ.-ն, տեսնելով «Բեզոարյան» այծ, իրեն պատկանող «ՍԿՍ» տեսակի ՕՄ-4449 համարի ակոսավոր որսորդական հրացանով կրակել է «Բեզոարյան» այծի վրա ու սատկացրել այն: 66-ամյա քաղաքացին պատճառել է 3 մլն ՀՀ դրամի վնաս:

Վաչագան Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ նախատեսում է կալանք 2-3 ամիս ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 21-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում բեզոարյան այծի որս էր գրանցվել: Գործը հարուցվել էր Վաչագան Աշոտի Ղարախանյանի դեմ, որն ասել էր, որ «ինքն է կրակել եւ սպանել կենդանուն», նա դեռ որեւէ կարգավիճակ չունի: Բեզոարյան այծին որսալուց հետո նրանք ցանկացել են կենդանուն տանել, հացկերույթ կազմակերպել, սակայն աղմուկ էր բարձրացել, խոսակցություններ էին եղել եւ չէին կարողացել իրենց ուզածն անել:

Վաչագան Ղարախանյանից բացի՝ մեքենայում եղել են նախկին եւ ներկա պաշտոնյաններ: Մեր տեղեկություններով՝ մեքենայում նրանից բացի եղել են Վահան Սաղաթելյանը, Արայիկ Մուրադյանը, Եղեգնաձորի նախկին քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, Վայքի այժմյան փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանը: