Երեւանում այսօր՝ փետրվարի 15-ին, երկու համագումար է տեղի ունենալու: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում ժամը 11.00-ին, մեկնարկելու է Երկրապահ կամավորական միության 10¬-րդ հոբելյանական համագումարը: Դրան հրավիրված են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները, այլ պաշտոնյաներ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում էլ ժամը 11.00-13.00-ին կլինի ԲՀԿ 7-րդ համագումարը: ԲՀԿ համագումարի առաջին նիստը փակ է լինելու, ժամը 12:45-ից կուսակցության գրասենյակի առաջին հարկի սրահում գործելու է մամուլի կենտրոն, որտեղ տեղի կունենա ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների ճեպազրույցը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԲՀԿ համագումարին հրավիրվել են ԲՀԿ նախկին նախարարները, պատգամավորական «կորպուսը» լքածները, նախատեսվում է 16 հոգանոց գործադիր մարմնի ստեղծում՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ։ ԲՀԿ այս համագումարը, ի տարբերություն նախորդների, շատ համեստ է լինելու, հնչելու են կոշտ ելույթներ, մամուլի տեղեկություններով՝ հնարավոր է, մի քանի ԲՀԿ-ականներ լքեն կուսակցությունը կամ նվազագույնը սառեցնեն իրենց անդամակցությունը ինչ-ինչ պաշտոնների դիմաց:

























