Երեւանում փետրվարի 15-ին մեկնարկել է Երկրապահ կամավորական միության 10-րդ հոբելյանական համագումարը, որին մասնակցում են Արցախյան պատերազմի ազատամարտիկներ Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաեւ արտասահմանից։ Հանդիպմանն ընդհանուր առմամբ ներկա է երկու հազար մարդ։

Համագումարը բացվել է Երկրապահ կամավորական միության գործունեության մասին ֆիլմի դիտումով։

Համագումարին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, նախարարներ, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ-ից՝ Լյով Խաչատրյանը։

Համագումարի ընթացքում կքննարկվի միության նախորդ երկու տարիների գործունեությունը, կընտրվեն վարչության նախագահը եւ փոխնախագահները։

Հիշեցնենք, նախորդ՝ 9-րդ համագումարը կայացել էր 2012թ. փետրվարի 18-ին, 8-րդը՝ 4 տարի առաջ, 2010-ի փետրվարի 16-ին։

Երկրապահ կամավորական միությունը ստեղծվել է 1993թ. եւ ոչ քաղաքական կազմակերպություն է։ Ներկայումս այն ունի 40 հազարից ավելի անդամ, որոնց մեծ մասը Արցախյան պատերազմի վետերաններ են։