Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի մասնակից եւս մեկ հաշմանդամ է ինքնահրկիզվել։ Ադրբեջանական մամուլը հայտնում է, որ հաշմանդամը ցուցադրական ակտ է իրականացրել  Սումգայիթի գործադիր իշխանության շենքի մոտ։

Տեղեկատվության համաձայն՝ առաջին խմբի հաշմանդամ Մալիկ Մեջիդովն ինքնահրկիզվել է քաղաքի գործադիր իշխանության շենքի մոտ՝ նախապես վրան բենզին լցնելով։ Նրան տեղափոխել են քաղաքային հիվանդանոց, այնուհետեւ՝ Բաքու։ Այժմ Մեջիդովի վիճակը ծանր է։ Ինքնահրկիզման պատճառներն առայժմ անհայտ են։

Հիշեցնենք, Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի մասնակից հաշմանդամների կողմից նման գործողությունները մշտական բնույթ ունեն։ Բաքվի կենտրոնում դեկտեմբերի 25-ին ղարաբաղյան պատերազմի մասնակից, երկրորդ կարգի հաշմանդամ Զաուր Հասանովը ինքնահրկիզվել էր՝ իր ճակատագրի հանդեպ պաշտոնյաների լիակատար անտարբերության պատճառով։