Իսրայել Սարգսյանը երկու անգամ հարցաքննվել է, եւ իր ցուցմունքներում նշել, որ շատ լավ հարաբերություններ ուներ քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իսրայել Սարգսյանի փաստաբանը՝ Գայանե Գալոյանը:
Իսոն իր ցուցմունքում նշել է, որ ճանաչել է Արթուր Սաֆարյանին, շատ լավ հարաբերություններ են ունեցել, իսկ դեպքի ժամանակ ինքը եղել է տանը: «Իր ցուցմունքում նշել է, որ որեւէ կոնֆլիկտ չի եղել, իրար չհասկանալ, չկիսելու հարցեր չեն եղել, լավ ընկերներ էին: Նույն պահին նա իմացել է մահվան մասին, զանգել, ասել են, գնացել է հիվանդանոց»,- հայտնեց փաստաբանը:
Իսրայել Սարգսյանը իր ցուցմունքներում պատմել է, որ ապօրինի, զենք, զինամթերքի մեղադրանքով կալանավորված Տիգրան Ասատրյանին եւս ճանաչում է, իր մոտ ընկերն է, ընդհանուր գործ են ունեցել: Ինչ վերաբերում է Մովսես Ներսիսյանին, ապա Իսոն եւ Մոսոն ժամանակին անցել են Արմեն Տեր-Սահակյանի եւ Վահան Հարությունյանի գործով, նստել են մի մեկուսարանում, «իրենք առանձնապես շփում չեն ունեցել, քանի որ միասին նստել են, ծանոթներ են եղել, որպես ծանոթներ են շփում ունեցել, հատուկ հանդիպումներ, խնջույքների մասնակցություն չի եղել»: Փաստաբանն ասաց, որ Իսրայել Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նշանակված են մի շարք փորձաքննություններ, որոնց պատասխանը դեռ չկա: Հայտնի չէ նաեւ խափանման միջոց կալանքի որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու հարցով նիստի օրւ:
Գայանե Գալոյանը անդրադարձավ նաեւ իր պաշտպանյալի մեղավորությունը ապացուցող ձայնագրությանը՝ տեղեկացնելով, որ իրենց ընդամենը մի բան են ներկայացրել, որից ինքը հրաժարվել է: «Ասել է՝ էդ ես չեմ: Նախ այդ ձայնագրությունը պիտի գնար փորձաքննության, դրա ընթացքում ապացուցվեր իր ձայնն է, թե ոչ, մի քանի վայրկյան ենք լսել, իբր ինքը ինչ-որ մեկի հետ խոսում է, բայց համոզված չենք՝ ում ձայնն է եւ ում հետ է խոսում: Պետք է ձայնային փորձաքննություն արվի, որ ապացուցվի՝ դա Իսրայել Սարգսյանն է, թե ոչ: Նման փորձաքննություն չի նշանակվել ու ինչ-որ մի տեղից հայտնաբերված ձայնագրությունով գտնել, որ ապացուցված է իր մեղքը, ոչ մի իրեն հարգող մարդ նման բան չպետք է անի»,-շեշտեց փաստաբանը:
Իսոյի՝ Մոսոյին սպանելու եւ դիակը խողովակի մեջ մտցնելու վերաբերյալ էլ փաստաբանն ասաց, որ Մովսեսի դիակը չկա, եթե այն դիտահոր գցած լինեն, հիմա մի տեղից անպայման դուրս էր եկել: «Այսինքն չկա այդ դիակը, հետեւաբար չկա ապացույց, իրենք ունե՞ն ապացույց, որ այդ արյան հետքերը Իսրայելինը կամ Մովսեսինն են, նման ապացույց էլ չունեն, կարող է որեւէ անասունի արյան հետք է՝ կովի կամ ոչխարի»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել է 41-ամյա Արթուր Սաֆարյանին (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ոստիկանության կողմից ձերբակալվել էր Իսրայել Սարգսյանը, ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է: Ֆեդերացիայից առգրավվել էր մեծ քանակությամբ զինամթերք, ինչը պատճառաբանել են նկարահանվելիք ֆիլմերում օգտագործելու համար:
Քրեական գործով պարզվել է, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը: Ըստ Ոստիկանության՝ եղել են օպերատիվ տվյալներ, որ սպանությունը, հնարավոր է, կատարած լինեն Իսրայել Սարգսյանը, Մովսես Ներսիսյանը եւ Տիգրան Ասատրյանը:
Ոստիկանները փետրվարի 3-ին բերման են ենթարկել Իսրայել Սարգսյանին եւ Տիգրան Ասատրյանին, Մովսես ներսիսյանին հայտնաբերել չի հաջողվում: Անձնական խուզարկությամբ Իսրայել Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ:
Հետագայում Իսրայել Սարգսյանը, իր կատարած հանցագործությունը թաքցնելու նպատակով Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը:
Խուզարկությամբ, Իսրայել Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել ու առգրավվել է ապօրինի զինամթերք: Տիգրան Ասատրյանի բնակության վայրից էլ հայտնաբերվել եւ առգրավվել են «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ եւ ռազմամթերք, մեծ քանակի ռազմամթերք է հայտնաբերվել նաեւ Մովսես Ներսիսյանի բնակության վայրում:


























