Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, ով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, հրավիրված չէր ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարին: NEWS.am-ի թղթակիցը զանգահարեց նրան՝ պարզելու, թե ինչու ներկա չէր ԵԿՄ համագումարին: Ներկայացնում ենք պատգամավորի հետ փոքր ուշագրավ երկխոսությունը:
-Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ չկայիք ԵԿՄ համագումարին, փնտրում էի ձեզ, չէի գտնում:
Լա՞վ եք, դուք լա՞վ եք:
-Մենք լավ ենք, դուք լավ լինեք:
Ես լավ եմ, շատ լավ եմ, հենա, փնտրեցիք, գտաք, ի՞նչ խնդիր կա:
-Ձեզ չէի՞ն հրավիրել:
Ցտեսություն:
Այս խոսքերից հետո նա անմիջապես անջատեց հեռախոսը եւ այլեւս չպատասխանեց մեր զանգերին:
Նշենք, որ Հրանտ Գրիգորյանը 1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում, 1989-1996թթ. եղել է երկրապահ ջոկատի մարտիկ, վաշտի հրամանատարի տեղակալ: Նա ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. 1995թ. եղել է վաշտի հրամանատար: ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ: Դրանից բացի՝ պատգամավորը Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, բայց մեղմ ասած, վատ հարաբերություններ ունեն իրար հետ:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կոռեկտ չհամարեց մեկնաբանել Հրանտ Գրիգորյանին հրավիրել, չհրավիրելու հարցը: Նա շեշտեց, որ 3000 պատվիրակ էր հրավիրված համագումարին եւ հազարավոր մարդիկ հրավիրված չէին, ուստի՝ այդ պարագայում հնարավոր կլինի ասել, թե ով ինչի համար է հրավիրվել, ոչ թե ով ինչի համար չէ հրավիրվել: «Եթե նա ԵԿՄ-ի հետ կապ ուներ, անպայման կհրավիրվեր»,- ասաց Վարդան Վարդանյանը:
Նշենք, որ փետրվարի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում կայացել է ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարը, որին մասնակցել են Հայաստանի եւ ԼՂՀ նախագահները, Պաշտպանության նախարարները, պատգամավորներ, մարզպետներ եւ այլ հայտնի պաշտոնյաներ:

























