Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է ստեղծել առանձին եվրոպական հաղորդակցության ցանց՝ օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացման համար:

Նախագծի նպատակն է անձնական տվյալների պաշտանություն ամերիկյան հատուկ ծառայություններից, որպեսզի էլեկտրոնային նամակները եւ այլ տվյալներ չփոխանցվեն ԱՄՆ-ի համակարգչային ցանցի միջոցով, այդ կերպ համակարգը կաշխատի՝ շրջանցելով ԱՄՆ-ին:

Բացի այդ Մերկալը նաեւ հաղորդել է, որ պատրաստ է առաջիկայում քննարկել այս հարցը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Եվրոպան նման խնդրի առջեւ կանգնեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ ԱՄՆ-ը մշտական վերահսկողություն է իրականացնում եվրպոական առաջնորդների, այդ թվում նաեւ Գերմանիայի կանցլերի նկատմամբ:

Հիշեցնենք, որ մերկացնող հոդվածները՝ հիմնված ԱՄՆ-ի ԱԱԳ եւ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տեղեկությունների վրա, ժամանակին դիվանագիտական սկանդալ էին բորբոքել միաժամանակ մի քանի երկրում: Բացի այդ հայտնի էր դարձել, որ Վաշինգթոնը գաղտնալսել է անձամբ Անգելա Մերկելի հեռախոսազրույցները: