ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում National Geographic հեռուստաալիքի Snake Salvation հաղորդման վարողներից մեկը մահացել է օձի խայթոցից:
Ըստ տեղի ոստիկանության` եկեղեցում տղամարդու վրա թունավոր օձ է հարձակվել: Պարզվել է, որ օձի խայթոցի զոհ է դարձել հովիվ Ջեյմի Քութսը, որը թունավոր օձերի հետ նկարահանվում էր National Geographic հեռուստաալիքի Snake Salvation հաղորդման մեջ: Բժիշկները եւ ոստիկանները Քութսին հայտնաբերել էին տանը, սակայն վերջինս հրաժարվել էր հիվանդանոց տեղափոխվել: Մեկ ժամ անց նրա մոտ վերադառնալով` բժիշկները արձանագրել էին հովվի մահը:
Ավելի վաղ հովիվը ձերբակալվել էր` Թենեսի նահանգի Նոսքվիլ քաղաքով հինգ օձ ապօրինի անցկացնելու համար: Նահանգի իշխանությունները Քութսին մեկ տարվա պայմանական ազատազրկման էին դատապարտել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Նշվում է, որ Քութսը հիսունականների հետեւորդ էր եւ Full Gospel Tabernacle in Jesus Name եկեղեցու հովիվ: Իր գործընկեր Էնդրյու Հեմբլինի հետ նա նկարահանվում էր Snake Salvation հաղորդման մեջ, որտեղ կրոնական ծեսեր էին անցկացնում թունավոր օձերի հետ, որը, ըստ իրենց հավատքի, Աստծուն ծառայելու դրսեւորում է: Քութսը եւ Հեմբլինը կարծում էին, որ եթե մարդ հավատում է Աստծուն, ապա թունավոր օձի խայթոցը չի կարող մահացու լինել:


























