Հայաստանի Հանրապետությունում գենդերային հավասարության խրախուսման գործում լրագրողների մասնակցությունը ըստ արժանվույն գնահատելու նպատակով հայտարարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մրցանակաբաշխություն:
Մրցույթի պայմանները.
Մրցույթին կարող են ներկայացվել 2013 թ. մարտի 1-ից մինչեւ 2014 թ. մարտի 10-ը հրապարակված նյութերը հետեւյալ անվանակարգերում.
1. Հեռուստատեսություն եւ ռադիո
2. Տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներ
Անվանակարգերում կարող են առաջադրվել Երեւան քաղաքի եւ ՀՀ մարզերի հեռուստառադիոհեռարձակման, ինչպես նաեւ տպագիր եւ էլեկտրոնային մամուլի ներկայացուցիչները, ովքեր 2013 թվականի նշված ամիսների ընթացքում.
- բարձրացրել եւ վերլուծել են գենդերային բնույթի խորքային խնդիրներ,
- անդրադարձել են համայնքային մակարդակում գենդերային խնդիրների լուծման լավագույն փորձին
- լուսաբանել են կանանց գործարար եւ հասարակական նախաձեռնողականության եւ առաջնորդության լավագույն օրինակները
- հրապարակել են նյութեր ուղղված գենդերային կարծրատիպերի վերացմանը:
Նախատեսվում են մրցանակներ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար: Մրցանակակիրները կստանան նաեւ խրախուսական պարգեւներ հասարակական եւ միջազգային կառույցների կողմից:
Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված կլինի կանանց հիմնահարցերով աշխատող մասնագետներից եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Անհրաժեշտ է ներկայացնել.
• Հրապարակված նյութը
• Առցանց հրապարակված նյութի էլեկտրոնային հասցեն
• Մամուլում տպագրված նյութի օրիգինալը կամ պատճեն
• Հեռուստառեպորտաժը DVD սկավառակով 1 օրինակ՝ եթեր հեռարձակված հեռուստաընկերության լոգոյով, ինչպես նաեւ ՀԸ կողմից տրված տեղեկանքով՝ նյութի եթեր հեռարձակման ամսաթվի վերաբերյալ
• Ռադիոնյութը CD kam DVD սկավառակով
Լրագրողի CV, լրագրողի եւ լրատվամիջոցի կոնտակտային տվյալներ, նյութի համառոտ նկարագրություն:
Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2014 թ. մարտի 10-ը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի 2014 թ. ապրիլի 7-ին կայանալիք նիստում:
Նյութերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 12.00-ից մինչեւ 16.00-ն ՀՀ կառավարության «Հրապարակում» հեռուստածրագրի խմբագրություն, Հանրապետության հրապարակ, Կառավարության թիվ 1 շենք հասցեով:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 515935 հեռախոսահամարին կամ գրել [email protected] հասցեով:
ՀՀ կառավարությունը 2010 թվականի փետրվարի 11-ի N5 արձանագրային որոշմամբ հավանության արժանացրեց «Գենդերային քաղաքականության հայեցակարգը», հաստատելով իր հավատարմությունը գենդերային հավասարության գաղափարախոսությանը: Վերջինը ենթադրում է հավասար պայմանների եւ հնարավորությունների ստեղծում կանանց եւ տղամարդկանց անհատական ներուժի դրսեւորման համար՝ ի նպաստ երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ մշակութային զարգացմանը:
Գենդերային հավասարությանը հասնելու ճանապարհին գենդերային կարծրատիպերի եւ գենդերային խտրականություն վերացման հարցում մեծապես կարեւորվում է լրատվամիջոցների դերը, քանի որ այսօր այն մեծ նշանակություն ունի հասարակության կարծիքների, աշխարհայացքի եւ արժեքային համակարգի ձեւավորման գործում:


























