Եթովպիայից Իտալիա ուղեւորված Boeing 767 օդանավն առայժմ անհայտ պատճառներով վայրէջք է կատարել Ժնեւի օդանավակայանում:
Միջադեպի պատճառով Կուանտրան օդանավակայանը չվերթներ չի սպասարկում: Դրա կայքի համաձայն՝ այստեղ վայէջք կատարելիք օդանավերը այլ օդանավակայաններ են մեկնում:
Կուանտրանայի մամուլի ծառայությունից հաստատել են, որ Boeing 767-ը չնախատեսված վայրէջք է կատարել Ժնեւում: «Կարող եմ հաստատել, որ օդանավը շեղվել է երթուղուց եւ վայրէջք կատարել օդանավակայանում: Այժմ այն օդանավակայանի տարածքում է», - հայտնել է օդանավակայանի մամուլի քարտուղար Բերտրան Ստամֆպլին: Ըստ նրա` բոլոր մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ` մամուլի ասուլիսի ժամանակ:
«Հաշվի առնելով, որ վայրէջքը նախատեսված չէր, հատուկ ոստիկանական գործողություն է իրականացվել», եւ այժմ օդանավը ստուգվում է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ժնեւի ոստիկանությանը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ օդաչուն առեւանգման ազդանշան էր տվել, եւ օդանավը ռազմական ինքնաթիռների ուղեկցությամբ` վայրէջք էր կատարել Շվեյցարիայում:
Տեղի լրատվամիջոցներն էլ, վկայակոչելով «Եթովպիայի ավիաուղիներին», հաղորդել էին, որ անձնակազմի անդամներին եւ ուղեւորներին վտանգ չի սպառնում:


























