Հայաստանի ժուռնալիստների միությունը միանում է ժուռնալիստական հանրության, ԶԼՄ-ների, լրագրողների, լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպությունների վերջին օրերի հայտարարություններին` խստորեն դատապարտելով լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման փետրվարի 12-ի միջնադեպը:
«Հարուցված է քրեական գործ: Առայժմ` այսքանը:
Նախկինում էլ ամեն մի բռնարարքից հետո, երբ բողոքի ալիք է բարձրացել, հարուցվել է քրեական գործ: Սակայն որեւէ մեկը չի դատապարտվել, եւ անպատժելիությունը շարունակում է ծնել նոր բռնարարքներ:
Ակնկալում ենք պատկան մարմինների կոնկրետ գործողությունները»,-ասված է Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարության մեջ:
Նշենք, որ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը Երեւանի ավագանիում ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գեւորգյանն է:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Սարյան փողոցում ժամը 18:00-ի սահմաններում, մարտի 1-ի մասին թռուցիկներ բաժանելիս ՀԱԿ ակտիվիստների հետ վեճի էին բռնվել մի խումբ տղաներ, որից հետո բոլորին բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Պարզվել էր, որ այդ տղաները ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ են:
Նրանց թվում են Հայկ Ղեւոնդյանը՝ Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը, Դանիել Հայրապետյան՝ ուսխորհրդի անդամ, Գեւորգ Սողոմոնյանը՝ ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ: Երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի խոսքով՝ զարմանալի կլիներ, եթե իրենց կուսակցության անդամներն անտարբեր անցնեին այդ ամենի կողքով:
Համացանցում հայտնվել էր նաեւ տեսանյութ, որտեղ լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ բռնություն է գործադրվում: Ոստիկանները փորձել էին խլել լրագրողի տեսախցիկը:

























