Երեւանի զբոսայգիների բարեկարգման աշխատանքներ կտարվեն ինչպես համայնքային բյուջեի, այնպես էլ մասնավոր ներդրումների հաշվին: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 17-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Մասնավորապես, Գլխավոր պողոտայի Վերնիսաժին հարակից այգին կբարեկարգվի համայնքային միջոցների հաշվին, իսկ Մանկական եւ Մալիբու սրճարանին հարակից զբոսայգիները՝ վարձակալների կողմից:  Քաղաքապետը հանձնարարել է հանդիպել վարձակալների հետ եւ հստակեցնել աշխատանքների մեկնարկի ժամանակացույցն ու կարճ ժամկետում սկսել այն. «Այգիների բարեկարգման աշխատանքների ավարտին մեր համաքաղաքացիները օր առաջ են սպասում: Մենք պետք է գործընթացն իրականացնենք այնպես, որպեսզի մեր բնակիչներն ու մայրաքաղաքի հյուրերն  արդեն ամռանը իրենց հանգիստն անցկացնեն բարեկարգված զբոսայգիներում»,- ընդգծել է քաղաքապետն ու նաեւ հանձնարարել է պատասխանատուներին, «Անվտանգ քաղաք» ծրագրի շրջանակում, բարեկարգվող այգիների տարածքները հնարավորին սեղմ ժամկետում կահավորել տեսախցիկներով: 

Երեւանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում արդեն վերսկսվել են Հյուսիսային պողոտայի բարեկարգման աշխատանքները: Հանձնարարվել է այս մասով եւս արագացնել ու սեղմ ժամկետում ավարտել աշխատանքները: