Երեւանում նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է հայտնաբերված  ապօրինաշինության 4 դեպք: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 17-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Հանձնարարվել է մշտական հսկողություն սահմանել նաեւ մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչների պահպանման մասով:

Անդրադառնալով «Օգնիր դպրոցիդ» եւ «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել գումարների հավաքագրման գործընթացում պարտադրանքը բացառելու ուղղությամբ:

Հանձնարարվել է նաեւ սկսել գարնանային ծառատունկի եւ կանաչապատման նախապատրաստական աշխատանքները:

Խորհրդակցության ավարտին շարունակվել է ըստ ոլորտների քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2013 թվականի տարեկան հաշվետվությունների ներկայացումը՝ կատարված աշխատանքների եւ նախորդ տարիների հետ համեմատության կտրվածքով:

Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ներկայացրել է քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների հաշվետվությունն ու այս տարի նախատեսվող  ծրագրերը:

Այնուհետ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը ներկայացրել է 2013թ. ընթացքում վարչական շրջանների կատարած աշխատանքների գնահատման եւ վերլուծության ամփոփ տվյալները:

Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը,  ներկայացնելով 2013թ. վարչության կողմից կատարած աշխատանքների հաշվետվությունը, նշել է, որ զգալիորեն աճել են քաղաքապետարանի կողմից  օրենսդրական նախաձեռնությունների, կառավարության որոշումների նախագծերի թիվը: Առաջընթաց է արձանագրվել նաեւ իրավական վարչարարության մյուս ոլորտներում: Ներկայացված հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն: