Ադրբեջանական գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանից որեւէ նորություն չկա, անորոշ վիճակ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը:

Նա նշեց, որ ամենօրյա կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների հետ, սակայն նրանք որեւէ նորություն չեն հաղորդում ոչ նրա առողջական վիճակի, ոչ էլ վերադարձի մասին: «Չեք պատկերացնի, ամբողջ գյուղում անորոշ վիճակ է, ընտանիքն էլ ինձնից է հետաքրքրվում, ես էլ Կարմիր խաչից, բայց ոչ մի բան հայտնի չէ: Չգիտենք, թե հիմա ինքը որտեղ է, ոնց է, հետ վերադարձը ինչ փուլում է»,- ասաց Կամո Չոբանյանը:

Գյուղապետն ասաց, որ մնացած գյուղերից, որտեղից Ադրբեջան գերի են ընկել, հետաքրքրվել է եւ ասել են, որ առողջական խնդիրներ ունեցող անձի դեպքում մեկ շաբաթվա ընթացքում վերադարձնում են, սակայն Մամիկոն Խոջոյանի դեպքում, ով էլի ծանր առողջական վիճակում է գտնվում է,  նման բան չեղավ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Վերին  Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ:

Այդուհանդերձ, դա չի խանգարել Ադրբեջանին՝ փորձել տարեց տղամարդուն ներկայացնել որպես «դիվերսանտ»: Ադրբեջանի ՊՆ աշխատակիցների աչքին, թերեւս, երեւացել էր նաեւ այն, որ ենթադրյալ դիվերսանտը զինված է: