Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում ե, թե վարչապետը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ երկկողմ համագործակցությունը եւ կարեւորել դրա հետագա ամրապնդումն ու զարգացումը: «Համաշխարհային բանկի օժանդակությամբ մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվել են մի շարք ծրագրեր: Այդ առումով, ուրախ ենք, որ դրանք բարձր են գնահատվել ՀԲ-ի կողմից եւ անարդյունավետ ծրագրեր, փոշիացված միջոցներ գոյություն չունեն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Այնուհետեւ, վարչապետը ՀԲ գործադիր տնօրենին է ներկայացրել Հայաստանի սոցիալտնտեսական վիճակը եւ նշել, որ կառավարությունը ծառացած նոր մարտահրավերների լուծման նպատակով շարունակելու է ինստիտուցիոնալ բարեփոխումները տարբեր ոլորտներում:
«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանին՝ ցածր եկամուտ ունեցող երկրների շարքից միջին եկամուտ ունեցողների շարքին դասվելու համար: Ուրախ ենք լսել նաեւ Doing Business-ի ուղղությամբ Ձեր երկրի առաջընթացի եւ բարձր հավակնությունների մասին: Պատրաստ ենք աջակցել Հայաստանին այդ ուղղությամբ հետագա առաջխաղացման համար»,- դիմելով վարչապետ Սարգսյանին՝ նշել է Ֆրենկ Հիմսկերկը:
Այնուհտեեւ զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ եւ կարեւորել դրանց ուղղությամբ հետագա սերտ փոխգործակցությունը:



























