Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նախկին տեղակալ, ապա նաեւ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանն այսօր՝ փետրվարի 17-ին, դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Նա մեղավոր ճանաչվեց առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքում՝ 4 դրվագով: Այս մասին հաղորդում է «Փաստինֆոն»։
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ, այսօր կայացված դատավճռով նախատեսվում է անձնական գույքի բռնագրավում ընդհանուր առմամբ՝ 51 766 070 ՀՀ դրամի չափով:
Դատարանն այս պատժաչափին «հասել է» մասնակիորեն գումարելով ըստ դրվագներով նշանակված պատիժը՝ տուժողներ Գ.Հայրապետյանի, Վ.Ջիվանյանի, Լ.Խաչատրյանի եւ Ա.Փիլիպոսյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերի խաչդախության դրվագներով նշանակվել է պատիժ, համապատասխանաբար՝ 7, 6, 5 եւ 5 տարվա ազատազրկման ձեւով, անձնական գույքի բռնագրավումն առանձին-առանձին կազմում էր՝ 29 565 120, 8 785 120, 6 450 080, 6 969 750 ՀՀ դրամի չափով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


























