«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ ծառուկյանի ելույթը համագումարում տպավորիչ չէր, ավելի ճիշտ, նա ոչ մի նոր բան չասաց: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Նրա համոզմամբ, ելոյթը լի էր լավ ցանություններով: «Մենք տարբեր հարթակներում բազմիցս նման ելույթներ ենք լսել: Բայց չկար այն կոնկրետությունը, որ բոլորը սպասում էին համագումարից: Ձեւակերպումներում, ճիշտն ասած, ես ոչ մի նոր կամ առարկայական բան չտեսա, ուստի զերծ կմնամ լուրջ մեկնաբանություններից»,- ասել է Սահակյանը: Նրա խոսքով, երբ ԲՀԿ-ն կորոշի, թե որտեղ է գտնվում, ընդդիմություն է, թե իշխանություն, այն ժամանակ էլ ավելի կոնկրետ պարզաբանումներ կլինեն:

«Հնչեցին միայն ինչ-ինչ վերլուծություններ, նոր եւ, իմ կարծիքով, ուշացած գնահատականներ անցյալում մնացած հարցերին: Մենք վաղուց պատասխանել ենք այդ հարցերին, եւ նատակահարմար չեմ համարում կրկին անդրադառնալ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ԲՀԿ 7-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանը քննադատել էր գործող իշխանություններին. «Կառավարության ցանկացած քայլի ու որոշման դիմաց, որը չի ընդունում ժողովուրդը, մենք պետք է ներկայացնենք մեր այլընտրանքային տարբերակը: Ցանկացած նոր օրենքի դեպքում, որը կբերվի խորհրդարան ու որին մենք դեմ ենք, պետք է հստակ բացատրենք ժողովրդին, թե ինչու ենք դեմ, եւ ինչ ենք առաջարկում ինքներս:

Հասարակության տարբեր շերտերի բողոքի ու դժգոհության դեպքում կուսակցությունը պետք է լինի այդ մարդկանց կողքին, լսի նրանց խնդիրները եւ փորձի հասնել դրանց արդարացի լուծմանը»: Նա նաեւ հավելել էր. «Ես պատրաստ եմ գնալ աշխարհի բոլոր հայաշատ երկրները, հանդիպել մարդկանց, համոզել վերադառնալ հայրենիք` իրենց տների լույսը վառել: Ես պատրաստ եմ ողջ աշխարհով` մեկ առ մեկ հանդիպել աշխարհի տարբեր երկրներում ապրող մեծահարուստ ու հաջողակ մեր գործարար հայրենակիցներին, խնդրել, համոզել, որ Հայաստանում ներդրումներ անեն, գործ դնեն: Բայց ես գիտեմ, որ բոլորը ինձ տալու են նույն հարցը`իսկ արդյոք կա՞ն երաշխիքներ եւ համապատասխան պայմաններ: Ցավոք, այսօր ես չունեմ այդ հարցի պատասխանը»: