Հայտնի է դարձել չորս օր առաջ Բալի կղզու մոտակայքում սուզվելու ընթացքում  անհետացած ճապոնացի յոթ սուզորդ-զբոսաշրջիկներից երկուսի գտնվելու վայրը: Մնացածներին փրկել էին նախօրեին:

«Տեղի բնակիչները նրանց (երկու տուժածներին) իրենց մակույկներով փորձել են տարհանել, բայց չի հաջողվել»,- հայտարարել է Բալիի ոստիկանապետը:

Վերջին տվյալով՝ երկու զբոսաշրջուհիներն ապաստանել են ծովից դուրս ցցված  150 մետրանոց ժայռերի լանջին  ինչը դժվարեցնում է օդային ճանապարհով նրանց մոտենալը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Jakarta Post-ը:

Հիշեցնենք, ճապոնուհիների խումբը, որի կազմում հինգ զբոսաշրջուհի եւ երկու կին հրահանգիչ կային, փետրվարի 14-ին արագանավ էր վարձել՝ Լեմբոնգան եւ Նուսա Պենիդա կղզիների միջեւ սուզորդությամբ զբաղվելու համար: Արագանավը վարողի խոսքով՝ աղջիկները երրորդ սուզումից հետո մակերեւույթ դուրս չէին եկել, եւ վերջինս ոստիկանություն էր դիմել: Պարզվել էր՝ ուժեղ հոսանքը ճապոնուհիներին 20 կմ հեռու է քշել: Լայնածավալ փփրկարարական գործողության ընթացքում փետրվարի 17-ի երեկոյան հինգ կանանց հայտնաբերել էին Նուսա Պենիդայի ափերից 300 մ հեռվում եւ տեղափոխել Բալի:

Փրկվածները թեթեւ վնասվածքներով եւ մրսածությամբ տեղափոխվել են հիվանդանոց: