Եղբոր գերեզմանի մոտ կնոջը՝ 35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանին սպանած 38-ամյա Արթուր Սարխոշյանի 4 եւ նրա հանգուցյալ եղբոր 3 երեխաները մնալու են վատառողջ տատիկի եւ պապիկի խնամքին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը:

«Աստծուց առաջ չընկնենք, բայց կպահի էլի, իրար հետ էին ապրում»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ երեխաների խնամքի հարցում կօգնեն Արթուրի քույրերն ու եղբայրները, քանի որ տարեց ծնողները չեն աշխատում:

Դիտարկմանը,թե կնոջ ծնողները չեն օգնի երեխաների խնամքի հարցում, գյուղապետը բացասական պատասխան տվեց: «Կարծում եմ՝ նրանք չեն անի, ասել են՝ թաղմանը չգաք, իրար հետ լավ չեն, դե մարդ է մեռել»:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում օրերս ողբերգական դեպք է գրանցվել, տղամարդը եղբոր գերեզմանին սպանել է կնոջը եւ փորձել ինքնասպան լինել: Արմավիրի գյուղի բնակիչ 38-ամյա Արթուր Սարխոշյանը փետրվարի 15-ին՝ երեկոյան, իր հանգուցյալ եղբոր գերեզմանի մոտ, քարով հարվածներ է հասցրել կնոջ՝  35-ամյա Արաքսյա Մարտիրոսյանի գլխին, այնուհետեւ սրիչով կտրել կնոջ պարանոցի հատվածը: Դրանից հետո տղամարդը նույն սրիչով վնասել է իր պարանոցը եւ վերջույթները: Կինը հիվանդանոցում մահացել է, իսկ նրա ամուսինը գտնվում է «Արմավիրի» բ/կ-ում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն), Արթուր Սաևխոշյանը կալանավորված է: