Ադրբեջանին իր ծառայությունները առաջարկած ոստիկանության նախկին աշխատակցի՝ Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանի փաստաբանը Մարատ Գինոսյանն է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մարատ Գինոսյանը, սակայն, հրաժարվում է որեւէ մանրամասն հաղորդել գործի քննությունից: Դեռ օրեր առաջ նրանից հետաքրքրվել էինք, թե արդյոք բողոքարկել են կալանքի որոշումը, թե ոչ: Փաստաբանը մեզ հետ զրույցում ասել էր, որ երեւի կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն կանեն, այդ հարցը պետք է քննարկեն իր պաշտպանյալի հետ: Այնուհետեւ, Մարատ Գինոսյանը խոստացել էր պաշտպանյալի հետ հանդիպումից հետո ինչ-ինչ մանրամասներ հաղորդել միջնորդության, մեղադրանքը ընդունել, չընդունելու մասին, սակայն օրեր շարունակ նրա հետ կապ հաստատելու փորձերը ապարդյուն եղավ: Փաստաբանը հրաժարվեց որեւէ բան հաղորդել՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը: «Չեմ ցանկանում որեւէ բան ասել, դա պարտադրվա՞ծ է»,- ասաց փաստաբանը՝ չպատաճառաբանելով, թե ինչն է տեղեկատվություն չտրամադրելու պատճառը:
Հատկանշական է, որ երբ NEWS.am-ը հրապարակեց ԱԱԾ-ի հաղորդագրությունը, Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանի հարեւանները (այդպես էին ներկայանում) զանգահարում էին խմբագրություն եւ իրենց վրդովմունքը հայտնում պետական հաստատության տարածած հաղորդագրության մասին՝ նշելով, որ նախեւառաջ պետք է ճշտել այդ տեղեկությունը, իրականում Խաչիկ Մարտիրոսյանը հիանալի, հայրենասեր անձնավորություն է եւ այլն: Սակայն, երբ հերթը հասնում է տեղեկատվություն տրամադրելուն, մասնավորապես՝ հարուցված քրեական գործի, առաջադրված մեղադրանքի մասին կարծիք հայտնելուն, բոլորը անհետանում են:
Նշենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունվարի 31-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երեւան քաղաքի բնակիչ, 60-ամյա Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը:
ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Խ. Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, առաջարկելով իր ծառայությունները:
Խ. Մարտիրոսյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել է ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ եւ դրանք կատարելու նպատակով ձեռնարկել է գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները Խ. Մարտիրոսյանը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, ինչը սակայն, կասեցվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից:
ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում Խ. Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:



























