Վերջերս Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ միայն զենքը ձեռքին է հնարավոր փրկել Հայաստանը, եւ բնակչության մեծ մասը նրա հետ համամիտ է այս հարցում: Այս մասին փետրվարի 18-ին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ազգային ամենամյա ուղերձը:

«Միգուցե սա լեզվի սայթաքում է, սակայն, իրոք, բնակչության մեծ մասը Սերժ Սարգսյանի հետ համամիտ է միայն այս հարցում: Երկրում ատելության մթնոլորտ է տիրում, եւ շատերը մտածում են այս խոսքերը կյանքի կոչելու՝ զենք վերցնելու մասին: Քանի դեռ ուշ չէ, քանի դեռ երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին չէ, մենք պետք է համախմբվենք եւ նոր ուղի ընտրենք, որն առաջարկում եմ իմ  ազգային ամենամյա ուղերձում», -ասել է Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ նախագահական ընտրություններից արդեն մեկ տարի է անցել: Եվ այդ ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին օրինական ճանապարհով նախագահի ինստիտուտ ձեւավորելու անհնարինությունը.  «Մեկ տարին բավական ժամանակ է ամեն ինչ վերաիմաստավորելու եւ հետագա պայքարի ուղի գտնելու համար»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am