Հայաստանի իշխանությունները երկիրը վարձով են տալիս՝ արտաքին քաղաքականության մեջ հավատարիմ մնալով աշխատանքի վասալային ոճին:
Այս մասին փետրվարի 18-ին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ազգային ամենամյա ուղերձը:
Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները մի գիշերում խաչ քաշեցին Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման ծրագրերի վրա՝ այն փոխելով «Մաքսային միության մշուշոտ ապագայով, որտեղ, պարզվում է, մեր երկրին չէին սպասում». «Հայաստանը սկսեց նվաստացուցիչ համաձայնագրեր ստորագրել Ռուսաստանի հետ, որոնք ժողովրդի դեմ են ուղղված: Բացի այդ, մեզ ղարաբաղյան հարցի անընդունելի կարգավորում են պարտադրում»:
Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ իշխանությունների արտաքին քաղաքականությունը բացասաբար կանդրադառնա Հայաստան-Իրան հարաբերությունների վրա:
«Ռուսաստանի հետ հարաբերությունները սպառնում են տարածաշրջանային հավասարակշռությանը: Ռուսաստանը չվարանեց զենք Ադրբեջանին վաճառելիս, իսկ մենք չվարանեցինք Մաքսային միություն մտնել»:
«Ժառանգության» առաջնորդի կանխատեսմամբ՝ նման արտաքին քաղաքականությունը շարունակելով՝ մինչեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը Հայաստանը կդառնա անձեւ պետություն տարածաշրջանում: Զուգահեռաբար, ըստ Հովհաննիսյանի, ժողովրդին նոր օրենքներ են պարտադրվում, որոնք հավասարազոր են պետական ռեկետի. տարատեսակ տուգանքներ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ: «Իշխանություններին արդարացում չկա, քանի որ օր օրի ավելանում է երկիրը լքող քաղաքացիների թիվը, չկա արդարացում այն հալածանքներին, որին ենթարկվում են իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիները, եւ այս համատեքստում Շանթ Հարությունյանը երկրի վերջին քաղբանտարկյալը չէ», - ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ հարկավոր է անհապաղ ազատել նրան:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























