Հայաստանում կենսական անհրաժեշտություն է սահմանադրական հեղափոխությունը: Այս մասին այսօրհայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ամենամյա ազգային զեկույցը:
Ընդդիմադրի կարծիքով՝ հարկավոր է սահմանադրական հեղափոխություն անցկացնել՝ քաղաքացիական հասարակության լայն շերտերի ու քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ՝ հանուն հանրապետության բարեկեցության: «Մինչեւ ապրիլի 9 պետք է ձեւավորվի միասնական քաղաքական հարթակ, որպես կուսակցությունների ու քաղաքացիական հասարակության կոնսոլիդացիա: Մենք երկրորդ շանսի իրավունք ունենք»,-ասել է Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ երկիրն այս վիճակից կարելի է դուրս բերել միայն սրտացավ քաղաքական ուժերի միավորման շնորհիվ: Նա հավելել է, որ իշխանությունների՝ ակտիվիստներին լռեցնելու ջանքերը վկայում են, որ հաղթանակը սարերի հետեւում չէ. «Արժե ապրել մինչև ապրիլ, եւ հավերժող բյուր գարուններ: Միայն միությամբ կա հայոց փրկություն»:
Նա նաեւ նշել է, որ եթե մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ոչ կոալիցիոն չորս ուժերի վստահված անձինք սարի պես կանգնեին հանուն ժողովրդի քվեի, ապա այժմ երկրում տիրող իրավիճակն այլ կլիներ: Եզրափակելով՝ Հովհաննիսյանը նշել է, որ միակ ելքը համազգային կոնսոլիդացիան է:



























