Կիեւում ցուցարարները ինքնակամ լքել են Ուկրաինական Տան շենքը: Այս մասին հայտնել է «Ազատության» ներկայացուցիչ Ռուսլան Անդրեյկոն:
«Մեզ մոտեցավ մի սպա եւ ասաց, որ ժամը 18-ին կսկսվի շենքի գրոհը: Ուժային դիմադրությունից խուսափելու նպատակով մենք որոշում կայացրեցինք լքել շենքը: Ժամը 17:40-ի դրությամբ շենքը դատարկ է»,-ասել է Անդրեյկոն, հաղորդում է «Վեստին»:
Տեղի ժամանակով 17:30-ի դրությամբ՝ «Բերկուտի» մարտիկները ամբողջությամբ «մաքրել են» կառավարական թաղամասը, Օկտյաբսկի պալատը, նաեւ վերահսկողության տակ են վերցրել Եվրոպական հրապարակը:
Այս պահին պաշտոնապես հայտնի է 5 զոհի մասին: Կիեւի ոստիկանության մամուլի ծառայության տվյալներով՝ վիրավորվել է առնվազն 40 ոստիկան: Լրատվամիջոցները հաղորդում են 120 ցուցարարի վիրավորվելու մասին:
Կիեւում ամբողջությամբ դադարեցվել է մետրոյի աշխատանքը՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով: Ճանապարհային ոստիկանությունը հայտարարել է, որ առաջիկա ժամերին կփակվեն Կիեւ մտնող ճանապարհները:
Իրավապահները վերջնագիր են ներկայացրել ընդդիմությանը՝ նշելով, որ եթե մինչեւ ժամը 18-ը (Երեւանի ժամանակով 20-ը) ցուցարարները չդադարեցնեն իրենց գործողությունները, Ներքին զորքերը կանցնեն «վճռական գործողությունների»:




























