ԵՄ արտաքին կապերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայաացուցիչ Քեթրին Էշթոնը վճռականորեն դատապարտել է Կիեւում բռնության դեպքերը, մասնավորապես, պետական շենքերի գրավումը: Այս մասին ասված է ԵՄ դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում, որը տարածել են Բրյուսելում:

«Ես լրջորեն անհանգստացած եմ Կիեւում բռնության ծավալումից եւ զոհերի մասին լուրերից: Ես դատապարտում եմ բռնության ցանկացած ձեւ, այդ թվում պետական կամ կուսակցական շենքերի դեմ»,-ասված է Էշթոնի կոմյունիկեում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը

Բացի այդ, ԵՄ դիվանագիտության ղեկավարը Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել վերացնել «ճգնաժամի արմատական պատճառները»: «Քաղաքական որոշումները պետք է կայացվեն խորհրդարանում, եւ Ուկրաինան պետք է արագ վերադառնա խորհրդարանական գործընթացին:

Քաղաքական առաջնորդները պետք է իրենց վրա վերցնեն ամբողջական պատասխանատվությունը, որպեսզի վերականգնեն վստահությունը եւ պայմաններ ստեղծեն ճգնաժամից արդյունավետ դուրս գալու համար»,-ասել է Էշթոնը:

Նրա կարծիքով՝ «ճգնաժամից ելքը նոր բազմակարծություն ապահովող կառավարության ստեղծումն է, սահմանադրական բարեփոխման հարցում առաջընթացը, թափանցիկ եւ ժողովրդավարական նախագահական ընտրությունների նախապատրաստումը»:
«ԵՄ-ն պատրաստ է օգնել Ուկրաինային այդ գործընթացում»,-ամփոփել է Էշթոնը: