Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին ձերբակալվածների` Շանթ Հարությունյանի և մյուսների պաշտպանության համար ստորագրահավաք է սկսվել նաև Մասիսում, Չարենցավանում, Էջմիածնում, Վանաձորում: Այս մասին  փետրվարի 18-ին NEWS.am-ին ասաց ստորագրավաքի նախաձեռնող խմբի անդամ, նոյեմբերի 5-ին ձերբակալված Արմեն Հովհաննիսյանի կինը՝ Շողեր Հակոբյանը։

«Կապանում ստորագրահավքն անցկացնելուց հետո այլ մարզերից նույնպես միանալու ցանկություն հայտնեցին: Զանգել էին անգամ քաղաքացիներ, որոնք առնչություն չունեն մեզ հետ: Իրենք ցանկություն հայտնեցին ոչ միայն իրենց քաղաքացիական պարտքը կատարել ստորագրելով, այլև իրենց մարզերում ևս կազմակերպել ստորագրահավաքներ»,- ասաց Շողեր Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ստորագրավահաքը հնարավորություն կտա մարզերում ևս մարդկանց ծանոթացնել խնդրին, քանի որ իրազեկվածության մակարդակն այնտեղ ավելի ցածր է, քան մայրաքաղաքում:

Նշենք, որ Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին ձերբակալվածների` Շանթ Հարությունյանի և մյուսների պաշտպանության համար Կապանում փետրվարի 3-ից 8-ը կազմակերպվել էր «Ի պաշտպանություն քաղբանտարկյալների» խորագրով ստորագրավաք: Ստորագրահավաքին մասնակցել էր 1538 քաղաքացի։