Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ թատրոնի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, 69-ամյա թոշակառու Կամո Հովհաննիսյանն արդեն տեւական ժամանակ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ քննարկում էր, թե ինչ կարելի է անել, քանի որ թոշակի գնալու տարիքն անցել էր:

«Հասմիկ Պողոսյանի հետ ահագին ժամանակ քննարկում էինք եւ վերջապես լուծումը գտանք: Փետրվարի 17-ին ազատման դիմում եմ տվել եւ նույն օրն էլ նշանակվել նախարարի խորհրդական, քանի որ նախապես արդեն պայմանավորվել էինք»,- ասաց թատրոնի արդեն նախկին տնօրենը:

Կամո Հովհաննիսյանն արդեն 15 տարի Օպերայի եւ թատրոնի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն էր, իսկ վերջին 4 տարիներին՝ ժամանակավոր պաշտոնակատարը:

«Թոշակի անցնելուց հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեցի: Հիմա 69 տարեկան եմ, իսկ թատրոնում ծանրաբեռնվածությունը շատ է, էլ չէի կարողանում»,- ասաց նա՝ միեւնույն ժամանակ հերքելով լուրերն այն մասին, թե առողջական խնդիրների պատճառով է ազատվել աշխատանքից:

NEWS.am-ի հարցից, թե իր կարծիքով ով կնշանակվի թատրոնի նոր տնօրեն, Կամո Հովհաննիսյանը բարկացավ. «Ո՞նց կարող է էս մասին էսօր խոսանք: Էս ի՞նչ հարց եք տալիս: Ես կարո՞ղ եմ իմանալ՝ ով կարող է իմ տեղը նշանակվել: Ոչ մեկն էլ չի կարող էդ մասին բան ասել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ազատվել էր աշխատանքից իր դիմումի համաձայն: Նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը: