Ղրիմի Գերագույն Ռադան Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջում է արտակարգ դրություն մտցնել: Այդ մասին ասվում է Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահության ուղերձում, որը հրապարակվել է Ղրիմի ԳԽ կայքում:
«Խաղաղ Ղրիմը ծայրահեղ մտահոգված է Կիեւի կենտրոնում բռնության հերթական պոռթկումից: Մայրաքաղաքի փողոցներում կոտորածն ապացուցում է, որ ընդդիմությունն իշխանության կողմից կատարված զիջումներն ընդունել է որպես թուլության նշան, իսկ համաներման մասին օրենքը կիրառել է որպես դադար երկրում իշխանությունն ուժով գրավելու նոր փորձից առաջ:
Փետրվարի 18-ին ավազակների ձեռքով սպանվեցին անմեղ մարդիկ: Սրանք այլեւս բողոքի խաղաղ ցույցեր չեն, որոնց մասին մշտապես պնդում էին ընդդիմության առաջնորդներն ու կողմնակալ լրատվամիջոցները. դրանք նույնիսկ զանգվածային անկարգություններ չեն: Սա սկիզբ է քաղաքացիական պատերազմի, ինչի մասին բազմիցս զգուշացրել է Ղրիմի խորհրդարանը:
Այսօր մենք պահանջում ենք Ձեզնից, որպես երկրի ղեկավարի, վճռական գործողություններ եւ արտակարգ միջոցառումների իրականացում: Դրան են սպասում հարյուր հազարավոր ղրիմցիներ, որոնք նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկել են Ձեր օգտին՝ հույս ունենալով երկրում կայունություն տեսնել:
Սահմանադրական կարգը եւ Ուկրաինայի միասնականությունը պահպանելու շանս դեռ կա: Վաղը այն կարող է չլինել: Քաղաքացիական դիմակայության հետագա ծավալման դեպքում Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադան իրեն իրավունք է վերապահում ինքնավարության բնակիչներին կոչ անել դուրս գալ պաշտպանելու թերակղզու քաղաքացիական խաղաղությունն ու հանգստությունը»,-ասված է հայտարարությունում:




























