Այսուհետ տուն-ինտերնատներ ուղեգրումն իրականացնելու են սոցիալական ծառայությունների տարածքային մարմինները:
Նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը՝ փոփոխություններ կատարելով «Ծեր եւ հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր եւ հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ:
Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են բնակվել պետական խնամքի հաստատություններում (Նորքի, Թիվ 1, Գյումրիի եւ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատներ), կարող են դիմել (նաեւ՝ նրանց լիազոր անձինք) իրենց բնակության վայրի սոցիալական ծառայություն («Փարոս»):
2014թ. հունվարի 14-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրամանով կանոնակարգվել եւ հստակեցվել է քաղաքացիների՝ տուն-ինտերնատ ընդունելության, նրանց սոցիալական ծառայություններ տրամադրելու եւ դուրսգրման (այդ թվում՝ ժամանակավոր դուրսգրման) կարգը:


























