Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը կոչ է անում ամեն հայ ընտանիքին 2014-2016թթ ունենալ առնվազն եւս մեկ երեխա: Այս մասին նա նշել է իր հայտարարության մեջ:

«Շուտով Հայ ազգն ու աշխարհի շատ երկրներ ու քաղաքացիներ նշելու են 20-րդ դարի՝ մարդկության դեմ կատարված ամենամեծ ոճրագործություներից մեկի` Հայոց ցեղասպանության 100-ամյակը:

20-րդ դարում ցանկացած նման արհավիրքից հետո մեր ազգը միշտ դրսեւորել է իր կենսունակությունը, ապրելու մեծ ցանկությունը` կյանք տալով նոր, ավելի առողջ սերունդների, որոնք կարողացել են ոչ միայն վերացնել դրանց հետեւանքները, այլեւ՝ ապահովել ազգի դիմացկունությունը: Մեր պապերը չեն սահմանափակվել հայտարարություններով կամ բողոքով, այլ դրսեւորել են ապրելու եւ գործելու մեծ ցանկություն: Այդպես է եղել Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերից հետո, երբ Ցեղասպանությունից եւ պատերազմներում մեծ կորուստներից հետո ընտանիքներում ծնվել են բազմաթիվ մանուկներ, այդպես էր նաեւ 1988 թվականի երկրաշարժից հետո: Ընդ որում, նոր սերնդին, նոր մանուկին կյանք էին տալիս ոչ միայն մարդկային կորուստներ ունեցած ընտանիքները, այլեւ նրանք, ովքեր հավատացել են մեր վաղվա օրվան, տեսել են մեր ազգի վերածննդի ամենակարեւոր նախապայմանը: Եվ այդ ամենն արել են սոցիալ-տնտեսական ավելի ծանր պայմաններում, քան այսօրվա իրավիճակն է։

Ուստի, Հայոց ցեղասպանության նախօրեին ՀՀ կառավարությունը, հասարակական-քաղաքական կազմակերպությունները, Սփյուռքում գործող մեր կառույցները պետք է հնչեցնեն համազգային կոչ` «Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ»: Այդ մանուկն է, որ 2-3 տասնամյակ հետո շարունակելու է մեր կորսված սերունդների գործը, վառ է պահելու նրանց հիշատակը, հետապնդելու է ազգային եւ պետական շահերը: Մեր մեծերը հաճախ են ասում, որ «ես կենդանի եմ այնքան, որքան ապրում է ինձ հիշող սերունդս»: Հետեւելով այս խոսքին` վերոնշյալ կարգախոսը դառնում է արդիական ու Հայաստանի Հանրապետության կենսագործունեության կարեւոր նախապայման:

Այս կապակցությամբ առաջարկում եմ ՀՀ իշխանություններին, Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր թեմերին, գործարարներին, լրատվամիջոցներին, ՀԿ-ներին լծվել Ցեղասպանության 100-ամյակին նվիրված մի նախագծի, որի նպատակը կլինի Հայերի թվի կրկնապատկումը: Ի հիշատակ մեր զոհերի, անվանելով այս նախագիծը «1.500.000 Հայ Արմատ»՝ կոչ անել ամեն հայ ընտանիքին՝ 2014-2016 թվականներին ունենալ առնվազն եւս մեկ երեխա: Միեւնույն ժամանակ, ծրագրի շրջանակներում, ձեռնամուխ լինել միջոցառումների շարքի, որոնք կխրախուսեն ծնելիությունը: Այդ նույն ծրագրի շրջանակում կարգադրել ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին՝ արագ եւ հեշտացված կարգով քաղաքացիություն շնորհել Սփյուռքում այս տարիներին ծնված հայ մանուկներին: Հայաստանում ծնված երեխաների համար ՀՀ բանկերում անվճար, ավտոմատ կերպով բացել անվանական հաշվեհամարներ, որոնց վրա դրվող 18 տարվա անձեռնմխելիության պայմանով գումարները կարող են ապագա սերունդներին զգալի աջակցություն լինել եւ կապել հայրենիքի հետ: Ինչպես նաեւ հանդես գալ այլ նմանատիպ նախաձեռնություններով:

Վստահ ենք, որ միայն այսօրինակ նախագծերը կարող են լավագույն պատասխանը լինել այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր կանգնած է Հայաստանի Հանրապետությունը»: