2002թ. «Սիգարոն» ՍՊԸ-ի  մոտ տեղի ունեցած Արտավազդ Խանդանյանի և Պապին Վարդանյանի սպանությանն օժանդակելու կասկածանքով 12 տարի անց ձերբակալված Վաչիկ Ղարիբյանը անմեղ է, նրան առանց որեւէ կասկածի, ապօրինաբար պահում են կալանքի տակ: Այս մասին այսօր՝փետրվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Վաչիկ Ղարիբյանի պաշտպաններ Ինեսա Պետրոսյանն ու Ամալյա Ավագյանը:

«Վաչիկ Ղարիբյանը, որը Ռուսաստան էր մեկնել 2005թ., 2013թ. նոյեմբերի 21-ին գալիս է Հայաստան  որդու նշանդրեքին:  «Զվարթնոց» օդանավակայանում անձնագրի գրառումների, վավերականության ժամկետը երկարացնելու հետ կապված խնդիրներ են լինում, տանում են ոստիկանության բաժին, հետո բաց թողնում: Հաջորդ օրը նրան կրկին հրավիրվում են բաժին, որտեղ ձերբակալում են կասկածանքով, թե 12 տարի առաջ օժանդակել է Արտավազդ Խանդանյանի և Պապին Վարդանյանի սպանությանը»,- դեպքի մանրամասները պատմեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

Վաչիկ Ղարբյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասով:

Տասներկու տարի առաջ տեղի ունեցած սպանությունը, փաստաբանների խոսքով, սա բազմաթիվ անհայտներով պատմություն է, գործը տարիների ընթացքում մի քանի անգամ կարճվել է եւ վերսկսվել, բայց իրենց պաշտպանյալը որեւէ առնչություն չի ունեցել գործին։

«2002թ. նրան կանչել են ցուցմունք տալու, բայց որեւէ կասկած չի եղել, անգամ որպես կասկածյալ նա չի անցել այդ գործով: Նա չի փախել, այդ դեպքից երեք տարի հետո է գնացել երկրից:  Իսկ այսօր նրան մեղադրում են  անհայտ մարդկանց կատարած սպանությանն օժանդակելու մեջ»,- ասաց Ինեսա Պետրոսյանը:

Փաստաբանը նաեւ զարմացած է, որ իրենց պաշտպանյալն արդեն 3 ամիս գտնվում է կալանքի տակ, բայց գործին անչվող ոչ մի քննչական գործողություն չի կատարվում. «Մարդուն կասկածում են սպանության օժանդակության համար, մինչդեռ, դատաձեռագրաբանական քննություն են անցկացնում ՝ կապված անձնագրի վավերացման հարցերի հետ: Դատավորն էլ ասում է ՝դե մի քիչ թող նստի»։

Մյուս պաշտպան Ամալյա Ավագյանը տեղեկացրեց, որ իրենք Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, քանի որ նա սպանվածներից մեկի երեխաների կնքահայրն է. «Ինքնաբացարկը մերժվել է, դատավորն ասել է, թե այդ գործով բոլորին ճանաչում է, եւ դա ավելի լավ է»:

Պաշտպանները դիմել են Վերաքննիչ քրեական դատարան, սակայն դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը անփոփոխ է թողել Վաչիկ Ղարբյանին կալանքի տակ պահելու որոշումը:

Փաստաբանները պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան, դիմել են գլխավոր դատախազին, անգամ բողոք են ներկայացրել ՀՀ նախագահին՝ պահանջով, որ վերահսկի այս քրեական գործը: