Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, փետրվարի 17-ին, ժամը 02.15-ին, Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ ընկերուհու եղբայր Ղուկասը 10-15 օր առաջ Ստեփանավանի ոսկու խանութից ոսկի է գողացել, որի կեսը վաճառել է, եւ հիմա նա գտնվում է Էրեբունի զանգվածի հանրակացարանում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու եւ Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ղուկասը 21-ամյա Ղուկաս Ա.-ն է, որը փետրվարի 17-ին, ժամը 16.40-ին, Նոր Արեշի 35-րդ փողոցի թիվ 127/2 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ խոստովանել, որ փետրվարի 10-ին, ժամը 05.30-ի սահմաններում, պատուհանի ապակին կոտրելով` մտել է Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող խանութ եւ գողացել տարբեր տեսակի ոսկյա զարդեր:

Փետրվարի 17-ին խանութի սեփականատերը հրավիրվել է ոստիկանության Ստեփանավանի բաժին եւ հաղորդում տվել, որ պատճառված վնասի չափը կազմում է 4.000.000 դրամ:

Կատարվում է նախաքննություն: