Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործը ուղարկվել է դատարան: NEWS.am-ի թղթակցին Գլխավոր դատախազության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը փետրվարի 18-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ գործը ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը: Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է: